Ավտովթարների պատճառով Թբիլիսիում խցանումների մասին տեղեկատվությունը կտեղադրվի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ֆեյսբուքյան էջում
Քաղաքացիները մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած խցանումների մասին տեղեկատվություն կարող են ստանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության էջում,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքապետարանի նիստում։
Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանը 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում երթեւեկության անվտանգության համար։
«Քաղաքում հաճախակի են լինում դեպքեր, երբ կոնկրետ փողոցներում ունենում ենք խցանումներ, և քաղաքացիները տեղեկություն չունեն, թե դա ինչից է առաջանում։ Ամեն րոպե մենք վերահսկում ենք երթեւեկությունը, տրանսպորտային միջոցների տեղաշարժը ամբողջ քաղաքում։ Նաև, ցավոք, ունենք չափազանց շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնք առաջացնում են ուշացումներ, որոնք ունեն շղթայական ռեակցիա։ Օրեր առաջ Պեկինի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որը հսկայական խնդիր է առաջացրել։ Վարորդները և հասարակությունը տեղեկություն չունեն ուշացումների և խցանումների պատճառների մասին։ Դրա համար լավ կլինի հանրությանը տեղեկացնել, թե ինչ է կատարվում քաղաքում, որտեղ կա երթեւեկության խնդիր, ճանապարհատրանսպորտային պատահար։ Ուստի «Ֆեյսբուք»-ում՝ տրանսպորտի և քաղաքաշինության զարգացման գործակալության էջում, ամեն օր տեղեկատվություն կտեղադրվի, որպեսզի հանրությունն իմանա, թե որտեղ են մեքենաների բախումներ, որոնք խցանումներ և ուշացումներ են առաջացնում»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետը նաեւ նշել է, որ ապագայում կարող է ստեղծվել համապատասխան հավելված, որն էլ ավելի հասանելի կդարձնի խցանումների մասին տեղեկատվությունը։