Ավստրալիայի պաշտպանական արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Ավստրալիան նախապես չի պարտավորվի ԱՄՆ-ի հետ միասին կռվել Թայվանի պատճառով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմի դեպքում
Ավստրալիան նախապես պարտավորություն չի ստանձնի կռվելու Միացյալ Նահանգների կողքին Թայվանի շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմի դեպքում։
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Փեթ Քոնրոյը։
Հայտարարությունը պատասխան էր լրատվամիջոցների այն հաղորդագրությունների, որ Պենտագոնը խնդրում է Ավստրալիային սահմանել իր դերը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև Թայվանի շուրջ պատերազմի դեպքում։
Քոնրոյը նշել է, որ Ավստրալիան առաջնահերթություն է տալիս իր ինքնիշխանությանը և «չի քննարկում հիպոթետիկ իրավիճակներ»։
«Ավստրալիացի զինվորներ ցանկացած հակամարտության ուղարկելու որոշումը կկայացնի գործող կառավարությունը, ոչ թե նախապես, այլ կոնկրետ այդ պահին», – ասել է Քոնրոյը։
Հիշեցնենք, որ երեկ Financial Times-ը հայտնել է, որ Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կխաղան ԱՄՆ-ի և Չինաստանի միջև Թայվանի շուրջ պատերազմի դեպքում։