Ավարտվեց «Maple Arch 2021» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունը
Ավարտվեց «Maple Arch 2021» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունը

Այս տարի առաջին անգամ Վրաստանում տեղի ունեցավ «Maple Arch 2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորել են մասնակիցներին՝ միջազգային ուսումնավարժության հաջող ավարտի կապակցությամբ։

Պաշտպանության նախարարն իր ուղերձում ընդգծել է բազմազգ զորավարժությունների կարևորությունը ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության բարձրացման գործընթացում։ Նա շնորհակալություն է հայտնել զորավարժությունների բոլոր կազմակերպիչներին, հատկապես Կանադայի պաշտպանության նախարարությանը, որը ղեկավարել է զորավարժությունները։

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) երկշաբաթյա ուսուցման եզրափակիչ հատվածին մասնակցել են Կանադայի և այլ մասնակից երկրների բարձրաստիճան զինվորականներ։ Նրանք այցելել են ուսուցման տարբեր վայրեր և դասընթացի մասին տեղեկատվություն ստացել անմիջապես մասնակիցներից:

Դասընթացի նպատակն էր մեծացնել մասնակից երկրների միջև փոխգործունակությունը, ամրապնդել գործընկեր երկրների միջև պաշտպանական կապերը, նրանց մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին խաղաղապահ գործողությունների պլանավորման և անցկացման գործընթացում:

Միջազգային զորավարժությունը կազմակերպվել է Կանադայի պաշտպանության նախարարության կողմից՝ ռազմական զորավարժությունների համագործակցության տնօրինության հովանու ներքո և ղեկավարվել է Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարության կողմից։

«MAPLE ARCH 21»-ում կանադացի հրահանգիչների հետ ներգրավվել են վրացի հրահանգիչներ։ Զորավարժությանը մասնակցել են կանադացի, վրացի, լիտվացի, ուկրաինացի և լեհ զինծառայողներ։ «MAPLE ARCH»-ը ամենամյա բազմազգ զորավարժություն է, որը կազմակերպվում է տարբեր երկրների կողմից ռոտացիոն հիմունքներով: Վրաստանի պաշտպանության ուժերը նշված զորավարժություններին առաջին անգամ մասնակցել են 2018 թվականին՝ գումարտակի մակարդակի շտաբով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։