«Associated Press»-ի տվյալներով, Ֆրանսիան չի բացառում, որ եվրոպացի խաղաղապահները կարող են տեղակայվել Ուկրաինայում՝ ճակատային գծից հեռու, Դնեպր գետի երկայնքով
«Associated Press»-ի տվյալներով, Ֆրանսիան չի բացառում, որ եվրոպացի խաղաղապահները կարող են տեղակայվել Ուկրաինայում՝ ճակատային գծից հեռու, Դնեպր գետի երկայնքով։ Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ եվրոպացի զինվորական հրամանատարները մշակում են մի քանի տարբեր սցենար և դրանք կներկայացնեն պետությունների ղեկավարներին։
Մեկ հնարավոր տարբերակ, որին աջակցում է Ֆրանսիան, այն է, որ կոալիցիայի անդամ երկրները տեղակայեն զգալի ռազմական ուժեր Կենտրոնական Ուկրաինայում՝ Դնեպր գետի երկայնքով, ճակատային գծից հեռու։
«Associated Press»-ի տվյալներով, քննարկվող այլ հնարավոր տարբերակներից է աջակից ուժերի տեղակայումը ճակատային գծից ավելի հեռու՝ Արևմտյան Ուկրաինայի ծայրամասերում կամ հարևան երկրում։
Բրիտանական պաշտոնյաների խոսքով՝ այդ ուժերը կարող են կազմել 10 000-ից մինչև 30 000 զինծառայող։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ եվրոպական ռազմական կոնտինգենտը չի տեղակայվելու ճակատային գծում։ Նա նաև հայտարարել է. «Այս ուժերը զսպելու են ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Եվ կարևոր քաղաքների ու ռազմավարական բազաների վերահսկողության միջոցով, ցույց կտան հստակ աջակցություն մի քանի եվրոպական կառավարության և դաշնակիցների կողմից»։
«Հետևաբար, մենք չենք գտնվում առաջնագծում, չենք գնում կռվելու, բայց մենք այնտեղ ենք՝ երկարատև խաղաղությունը երաշխավորելու համար։ Սա խաղաղասեր մոտեցում է։ Միակ ուժը, որը կարող է այս պահին հրահրել կոնֆլիկտ կամ մարտական իրավիճակ, դա ռուսական կողմն է, եթե նրանք կրկին որոշեն սկսել ագրեսիա», – ընդգծել է Մակրոնը։