Associated Press. ԱՄՆ ներգաղթի ծառայությունը հինգ օրվա ընթացքում 10 000 մարդ է ձերբակալել

10:22, 03.07.2026

ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) հունիսի վերջին, հինգ օրվա ընթացքում 10 000 մարդ է ձերբակալել: «Associated Press»-ի փոխանցմամբ՝ տվյալները դեռևս հրապարակայնորեն չեն հրապարակվել, և պարբերականը դրանք ստացել է անանուն աղբյուրից:

Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ որ նահանգներում կամ քաղաքներում են իրականացվել ձերբակալությունները։

Ձեռք բերված նյութերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը փոխել է իր մոտեցումը։ Մասնավորապես, ամերիկյան մեծ քաղաքներում լայնամասշտաբ ու աղմկահարույց գործողությունների փոխարեն այժմ կիրառում է ավելի քիչ տեսանելի մեթոդներ։ Պարբերականն ընդգծում է, որ գերատեսչությունը հրապարակայնորեն չի հրապարակում ձերբակալությունների վիճակագրությունը, ինչի պատճառով նախորդ ժամանակահատվածների հետ ճշգրիտ համեմատություն անելը դժվար է։ Այնուամենայնիվ, հիմնվելով Բերկլիի համալսարանի «Արտաքսման տվյալների նախագծի» նյութերի վրա, որոնց ծանոթացել է լրատվական գործակալությունը, օրական 2 000 ձերբակալությունը նախորդ ամիսների համեմատ կտրուկ, ռեկորդային աճի նշան է։

ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտից հայտնել են, որ իրավապահ մարմինները կատարում են նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումը։

«Առաջին իսկ օրվանից իրավապահ մարմինները կատարում են նախագահ Թրամփի խոստումը՝ ձերբակալել և երկրից արտաքսել հանցագործ անօրինական միգրանտներին, այդ թվում՝ մարդասպաններին, բռնաբարողներին, մանկապղծներին, հանցախմբերի անդամներին և ահաբեկիչներին: Մեր ուղերձը հստակ է. եթե երկիր ապօրինի մուտք գործեք, մենք ձեզ կգտնենք, կձերբակալենք և երկրից դուրս կվռնդենք»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ