«Ասոշիեյթեդ պրես» – Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է հունվարի 9-ին հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության իր վերջին փաթեթի մասին
Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հունվարի 9-ին հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության իր վերջին փաթեթի մասին: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ պրես»-ը՝ հիմնվելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
ԱՄՆ-ի ռազմական օգնության փաթեթի մասին կհայտարարվի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպման օրը, որը հայտնի է որպես Ռամշտայնի ձեւաչափ:
Աղբյուրները չեն հայտնել փաթեթի ճշգրիտ արժեքը, սակայն ասել են, որ «դա էական կլինի»:
Սակայն ակնկալվում է, որ օգնությունն ամբողջությամբ չի ծածկի այն չորս միլիարդ դոլարը, որը Սպիտակ տունը թողել է Կոնգրեսի կողմից Ուկրաինային հաստատված ֆինանսավորման շրջանակներում։
Աղբյուրները հավելել են, որ ամենայն հավանականությամբ կմնա «ավելի քան երկու միլիարդ դոլար», որը կկարողանա տնօրինել Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը։
Տեղեկության համար՝ 2022 թվականի պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 66 միլիարդ դոլար։