Ասոցացված եռյակի արտգործնախարարները հանդիպել են Եվրանձնաժողովի փոխնախագահի հետ
Ասոցացված եռյակի արտգործնախարարները հանդիպել են Եվրանձնաժողովի փոխնախագահի հետ

Ասոցացված տրիոյի՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարները հանդիպեցին Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

Ըստ Վրաստանի արտգործնախարարության, հանդիպմանը կողմերը քննարկել են ասոցացված եռյակի ստեղծման կարևորությունը և եռյակի հետագա նպատակները, մասնավորապես ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացում, ընդհանուր խնդիրների իրականացման նպատակով սերտ համակարգումը, ինչպես նաև ասոցացված տրիոյի համագործակցության զարգացումը, այդ թվում՝ սեկտորային երկխոսության ձևաչափերի ձևավորման, տնտեսական և առևտրի ուղղություններով:

«Ընդգծվեց Ասոցացված տրիոյի ԵՄ ինտեգրման նպատակների վերաբերյալ Ասոցացման համաձայնագրի իրականացման կարևորությունը` մասնավորապես շեշտադրելով խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ամբողջ ներուժը լիովին յուրացնելու նշանակությունը, որոնք անհրաժեշտ են ասոցացման երկրների ԵՄ-ի ներքին շուկային աստիճանական ինտեգրման համար:

Դրական է գնահատվել ասոցացված երկրների կողմից խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի իրականացման դինամիկան, և եվրահանձնակատարը խոստացել է հետագա աջակցություն ցուցաբերել եռյակի երկրներին բարեփոխումների գործընթացում», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: