Աշխարհում մահվան դատավճռի կատարմանն է սպասում 21 919 մարդ. Amnesty International
Աշխարհում մահվան դատավճռի կատարմանն է սպասում 21 919 մարդ,- այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում:
«2017-ին աշխարհում մահապատիժների թիվը նվազել է: Լավատեսության առիթներ է տալիս այն, որ 2017 թվականին կայացված մահվան դատավճիռները կրճատվել են մինչեւ 2 591, ինչն զգալիորեն պակաս է 2016 թվականին արձանագրված ռեկորդային 3 117-ից»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում «Մահվան դատավճիռներ եւ մահապատիժներ» ամենամյա զեկույցի հրապարակման առթիվ:
Անցյալ տարի մահապատժի կիրառման 993 դեպք է գրանցվել, ինչը 4 տոկոսով պակաս է 2016-ի համեմատ։
Մահապատիժ հիմնականում կիրառվում է Իրանում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Պակիստանում։ Այս երկրներում է տեղի ունենում նման դեպքերի 87 տոկոսը։
2017-ին Իրանում 11 տոկոսով ավելի քիչ են եղել մահապատժի դեպքերը, Պակիստանում՝ 31 տոկոսով, Եգիպտոսում՝ 20։
Նշվում է, որ խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ անկասկած մահապատիժ է կիրառվել։ Շատ երկրներում իրական վիճակագրությունը չի նշվում, իսկ Չինաստանը ոչ մի տվյալ չի հրապարակում և հայտնի չէ, թե ինչպիսին է այնտեղ դրությունը։