Աշխարհի գավաթի ժամանակ իրանցի ֆուտբոլիստները լռեցին ազգային օրհներգի ժամանակ. Երկրպագուները աջակցեցին նրանց բողոքի ֆոնին #1TVSPORT
Աշխարհի գավաթի ժամանակ իրանցի ֆուտբոլիստները լռեցին ազգային օրհներգի ժամանակ. Երկրպագուները աջակցեցին նրանց բողոքի ֆոնին #1TVSPORT

Աշխարհը արտասովոր պահ տեսավ աշխարհի առաջնության Իրան-Անգլիա խաղից առաջ: Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել իրենց երկրի օրհներգը:

Այդ ժամանակ Իրանի հավաքականի երկրպագուները պաստառներ են պահել ու ծափահարել խաղացողներին։ Դա Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերի շարունակությունն էր, որի արձագանքը դարձան խաղացողների լռությունն ու իրանցի երկրպագուների ծափերը։

Անգլիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության առաջին խաղից առաջ իրանցի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը։ Հաղորդվում է, որ երկրպագուները պաստառներ են բարձրացրել՝ ի աջակցություն բողոքի զանգվածային ցույցերի, որոնք ընդգրկել են երկիրը վերջին ամիսներին:

Իրանում բողոքի ցույցեր և քաղաքացիական անկարգություններ են սկսվել սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինի մահից հետո, ով ձերբակալվել էր պարեկային ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից, որը պատասխանատու էր Իրանի քաղաքացիների և օտարերկրացիների կողմից հասարակական վայրերում (փողոցներ, այգիներ) շարիաթի պահանջներին համապատասխանող հագուստը պարտադրելու համար։

Մահսան ձերբակալվել է Իրանի կառավարական ոստիկանության կողմից իսլամական նորմերին չհամապատասխանող հիջաբ կրելու համար: Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկն իսկապես ձերբակալվել է, այնուհետ, ըստ Իսլամական Հանրապետության իրավապահների, նա հանկարծակի սրտի կաթված է ստացել, երկու օր կոմայի մեջ է եղել, ապա մահացել։

Սակայն Ամինի հարազատներն ասում են, որ նա երբեք սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել։ Ականատեսները, այդ թվում՝ կանայք, ովքեր Ամինիի հետ բերման են ենթարկվել, ասում են, որ նա դաժան ծեծի է ենթարկվել և սպանվել։ Իրանի իշխանությունները հերքել են պարեկի մասնակցությունը նրա մահվանը և հրապարակել են տեսահսկման տեսագրությունները:

Ամինի մահվան հանգամանքների բացահայտումը հանգեցրեց լայնածավալ բողոքի ցույցերի ամբողջ երկրում, որոնք գրավեցին միջազգային ուշադրությունը։

Իրանցի որոշ խաղացողներ աջակցեցին Իրանում տարածած բողոքի շարժմանը: Հատկապես ակտիվ էր Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սարդար Ազմունը։