Աշխաբադում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Աշխաբադում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը։ Հանդիպմանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները և խաղաղության ջանքերը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը՝ հենվելով Թուրքիայի հաղորդակցությունների տնօրինության վրա, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու խաղաղ բանակցություններին։ Նա նշել է, որ Անկարան կարող է ընդունել խաղաղ բանակցությունների բոլոր ձևաչափերը։
Էրդողանն ասել է, որ արդար և տեւական խաղաղության պայմաններում պատերազմն ավարտելու ջանքերը արժանի են՝ նշելով, որ առաջընթաց կարող է լինել այն ոլորտներում, որոնք կարող են շահավետ լինել երկու կողմերի համար:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ օգտակար կլինի հայտարարել հրադադարի սահմանափակ ռեժիմի մասին՝ առաջին հերթին էներգետիկ ենթակառուցվածքների և նավահանգիստների հետ կապված։
Բացի այդ, ըստ Թուրքիայի հաղորդակցությունների տնօրինության, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Պաղեստինի և Սիրիայի խնդիրները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
Կրեմլը նաև տեղեկատվություն է տարածում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների մասին։ ՌԴ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ համատեղ նախագծերը, ինչպիսին է Ակույու ատոմակայանի կառուցումը։
Կրեմլի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև ուկրաինական, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ըստ իրենց իսկ հաղորդումների՝ Էրդողանն ու Պուտինը քննարկել են «ռուսական ակտիվները բռնագրավելու եվրոպական փորձերը»։
«Կողմերը պայմանավորվել են, որ եվրոպացիների նման անխոհեմ գործողություններն իրականում կհանգեցնեն Բրետոն Վուդսի համակարգի և ֆինանսական համակարգի միջազգային սկզբունքների փլուզմանը»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրությունում։
Պուտինի և Էրդողանի հանդիպումը կայացել է Աշխաբադում «Խաղաղություն և վստահություն. կայուն ապագայի նպատակների փաթեթ» միջազգային ֆորումի շրջանակներում։