Արտաքին գործերի նախարարություն – Վրաստանի դեսպանատան տվյալներով՝ զինված հարձակման ժամանակ Գազայի հատվածում են գտնվել Վրաստանի չորս քաղաքացի, ներկա դրությամբ չորսն էլ գտնվում են անվտանգ վայրում

10:12, 08.10.2023

«Վրաստանի դեսպանատանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ զինված հարձակման ժամանակ Գազայի հատվածում են գտնվել Վրաստանի չորս քաղաքացի։ Ներկա դրությամբ չորսն էլ գտնվում են անվտանգ վայրում», -Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Գործակալության տվյալներով՝ նշված տեղեկությունը հաստատվել է իսրայելական կողմի, ինչպես նաև այս չորս անձանցից մեկի հետ շփման արդյունքում։

«Ինչ վերաբերում է համացանցում տարածված լուսանկարչական նյութին, ապա այն ճշտվում է. քանի դեռ մանրամասները չեն պարզվել, խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,- նշում է գործակալությունը։

Երեկ լուսադեմին Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդված վերջին տեղեկությունների համաձայն՝ ՀԱՄԱՍ -ի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 300-ի։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Իսրայելում Վրաստանի քաղաքացիների համար ակտիվացել է թեժ գիծ:

Նմանատիպ