Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պարգևատրել է փրկարարներին
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պարգևատրել է փրկարարներին

ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունը փրկարարներին պարգևատրել է ընթացիկ ծովային սեզոնում ցուցաբերած բացառիկ խիզախության և վաստակի համար։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Լաշա Թվաուրին հուշանվերներ է հանձնել Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի շրջանների փրկարարներին՝ Զազա Բուկիային, Իրակլի Գոգուաձեին և Իրակլի Ցինցաձեին։ Հատուկ մրցանակի է արժանացել Թբիլիսիի ջրային արձագանքման բաժնի ղեկավար Մալխազ Աբեսաձեն։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ նրանցից յուրաքանչյուրը վերջին մեկ ամսվա ընթացքում սեփական կյանքի գնով մի քանի դժվարին փրկարարական աշխատանքներ է իրականացրել։

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները 2022 թվականի ծովային սեզոնի բացումից մինչ այժմ մոտ մեկ ամսվա ընթացքում ծովում փրկել են 40 մարդու կյանք։ Բացի այդ, ափամերձ հատվածում հայտնաբերվել են կորած 11 քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ։ Նաև ափամերձ հատվածում հերթապահություն իրականացնելիս փրկարարները 14 հանգստացողի ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Հրշեջներն ամեն օր հերթապահում են ծովի, գետերի, լճերի ափերին և հոգում քաղաքացիների անվտանգ հանգստի մասին։ 2022 թվականի ծովային սեզոնի ընթացքում Վրաստանում աշխատում են ավելի քան 320 փրկարարներ։ Կարեւոր է, որ սեզոնային փրկարարների աշխատավարձը նախորդ տարիների համեմատ աճել է 25 տոկոսով։

ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունը հորդորում է՝ հանգստանալիս հնարավորինս պահպանել անվտանգության կանոնները և ենթարկվել փրկարարների ցուցումներին», – նշել են գերատեսչությունում։