Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հանրապետական հիվանդանոցի շուրջ 350 աշխատակիցներ արդեն ընտրել են նախարարության առաջարկած փոխհատուցման փաթեթը
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցների հետ խորհրդակցությունների մասին: Ինչպես պարզաբանում է գերատեսչությունը, խորհրդակցությունները շարունակվում են։
«Հանրությանը հայտնի է, որ Հանրապետական հիվանդանոցում ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են անցկացվում առողջապահության նախարարության ներկայացուցիչների եւ կլինիկայի աշխատակիցների միջեւ։ Սակայն աշխատակիցների որոշակի խումբ, ցավոք, հրաժարվում է ցանկացած խորհրդակցությունից կամ հանդիպումից։
Հանրությանը տեղեկացնելու նպատակով պարզաբանում ենք, որ Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցներին փոխհատուցումների վճարումը շարունակվում է։ Կլինիկայի շուրջ 350 բուժանձնակազմի և վարչակազմի աշխատակիցներ արդեն ընտրել են նախարարության առաջարկած փոխհատուցման փաթեթը և հաստատել համապատասխան համաձայնագրով», – հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նրանց տեղեկություններով՝ բուժանձնակազմի մի մասը շարունակում է աշխատել մասնավոր բուժհաստատությունում, որն Առողջապահության նախարարության ներգրավմամբ այլընտրանքային աշխատանք է առաջարկում Հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմին։
«Գերատեսչությունն այս ուղղությամբ բանակցություններ է վարել տասից ավելի բուժհաստատությունների հետ։ Կարևոր է, որ կլինիկայում աշխատող բուժանձնակազմի իրավունքները լիովին պաշտպանված կլինեն։ Հանրապետական հիվանդանոցի յուրաքանչյուր աշխատակցին կտրամադրվի աշխատանքի այլընտրանքային առաջարկ կամ արժանապատիվ փոխհատուցում»,- նշել են առողջապահության նախարարությունից։