Առնվազն 24 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել Պակիստանի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն 24 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել Պակիստանի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 24 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով տեղի ոստիկանության և իշխանությունների վրա։

Բելուջիստանի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ենթադրյալ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն երկաթուղային կայարանում։

Բելուջիստանի ոստիկանության գլխավոր տեսուչն ասում է, որ հարձակման թիրախը եղել է Հետևակային ռազմական ակադեմիայի անձնակազմը։ Տուժածներից շատերի վիճակը ծանր է։

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը պատրաստվում էր մեկնել Փեշավար։ Հարձակման պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Բելուջիստանը ռեսուրսներով հարուստ նահանգ է Պակիստանի հարավ-արևմտյան մասում: Անջատողական մարտիկները տասնամյակներ շարունակ պայքարում են նշված նահանգի անջատման համար։