Արքայազն Հարրին հայտարարում է, որ ցանկանում է «հաշտվել թագավորական ընտանիքի հետ»
Սասեքսի դուքսը՝ արքայազն Հարրին, «BBC»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է հաշտվել թագավորական ընտանիքի հետ։
Հարրիի խոսքով՝ նա ծանր է տանում Բրիտանական դատարանի որոշումը, որով մերժվել է նրա անվտանգության ապահովման հարցը։
Արքայազն Հարրին նշել է, որ թագավորը «անվտանգության հարցերի պատճառով չի խոսում իր հետ»։ Նա հավելել է, որ այլևս չի ցանկանում պայքարել։
«Շատ հակասություններ եղել են իմ և ընտանիքիս միջև, սակայն ես ներել եմ նրանց։ Կցանկանայի հաշտվել իմ ընտանիքի հետ։ Չի՛ կարելի շարունակել կռիվը, որովհետև կյանքը թանկ է», – հայտարարել է արքայազն Հարրին։
Արքայազն Հարրին դատարանում վիճարկել է իր անվտանգության ապահովման հարցը, սակայն գործընթացն ավարտվել է նրա համար անցանկալի արդյունքով։ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը հաստատել է կառավարության որոշումը, ըստ որի՝ արքայազն Հարրին այլևս չի օգտվի պետության կողմից ֆինանսավորվող ոստիկանական պաշտպանությունից՝ այն բանից հետո, երբ նա 2020 թվականին հրաժարվեց թագավորական պարտականություններից և տեղափոխվեց ԱՄՆ։
Հարրիի խոսքով՝ այդ որոշումը վտանգում է իրեն և իր ընտանիքին, և ապագայում կարող է բարդացնել Բրիտանիա վերադառնալու հնարավորությունը։