Արչիլ Թալակվաձե. Մենք շատ ենք ցավում, որ ընդդիմադիր գործընկերները հացադուլ են անում, խորհուրդ կտայի դադարեցնել հացադուլը, լավ կլինի վերադառնան խորհրդարանական կյանք
Արչիլ Թալակվաձե. Մենք շատ ենք ցավում, որ ընդդիմադիր գործընկերները հացադուլ են անում, խորհուրդ կտայի դադարեցնել հացադուլը, լավ կլինի վերադառնան խորհրդարանական կյանք

Լավ կլինի, որ մեր ընդդիմադիր գործընկերները վերադառնան խորհրդարանական կյանքին, խորհրդարանական աշխատանքին,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն։

Նրա խոսքով, ընդդիմադիր պատգամավորների հացադուլը կապ չունի Վրաստանի հիմնական քաղաքական խնդիրների հետ։

«Իհարկե, շատ ենք ցավում, որ ընդդիմության մեր գործընկերները հացադուլ են անում։ Առաջին հերթին նրանց մաղթում ենք քաջառողջություն։ Այստեղ մենք կարծում ենք, որ դա նրանց ներքաղաքական հակասությունների արդյունքն է, և, իհարկե, այս հացադուլը որևէ ազդեցություն և կապ չունի Վրաստանի հիմնական քաղաքական խնդիրների, հատկապես մեր երկրին և հասարակությանը հետաքրքրող կարևոր թեմաների հետ։ Դրա համար կարծում եմ, որ այս հացադուլը հնարավորինս շուտ կավարտվի։ Լավ կլինի, որ մեր գործընկերները վերադառնան խորհրդարանական կյանքին, պատգամավորական աշխատանքին։ Ցավոք, թե՛ հացադուլից առաջ, թե՛ հացադուլի ընթացքում նրանք լիարժեք ներգրավված չեն խորհրդարանական կյանքին, ուստի այս դեպքում էլ հացադուլը՝ մի տեսակ սահմանազատում կամ անջատում խորհրդարանական քաղաքական գործընթացներից, անիմաստ է։ Միակ մտահոգությունը նրանց առողջությունն է, և ես նրանց խորհուրդ կտայի հեռու մնալ հացադուլից, քանի որ այս հացադուլը որևէ ազդեցություն չի ունենա քաղաքականության վրա, հատկապես իշխող կուսակցության որոշման վրա»,- ասել է Արչիլ Թալակվաձեն։

«Ազգային շարժման» մի քանի պատգամավորներ դեկտեմբերի 15-ին հացադուլ են հայտարարել։ Ինչպես նշել են նրանք, «հացադուլ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխի այն երկիր, որտեղ կապահովվի նրա առողջությունը»։