Առատ տեղումները հարավային Եվրոպայում ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով կան զոհեր
Ինչպես հայտնում է «Euronews»-ը, առատ տեղումները հեղեղումներ են առաջացրել Եվրոպայի հարավում, որոնք հանգեցրել են զոհերի։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս հինգին դեռ փնտրում են հորդառատ անձրևի հետևանքով, որը հարվածել է հունական Վոլոս քաղաքում, մոտակա լեռնային Պիլոն շրջանին և զբոսաշրջային Սկիաթոս կղզուն: Փողոցները հեղեղվել են, մի քանի ավտոմեքենաներ ջուրը տարել է։ Տարերային աղետը որոշ հատվածներում սողանքներ է առաջացրել, ինչի պատճառով ավտոճանապարհների մի մասը փլուզվել է։
Արտակարգ իրավիճակների ծառայությունը կարճ SMS հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացիներին և խորհուրդ տվել զերծ մնալ փողոցում տեղաշարժվելուց։
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երեքին դեռ փնտրում են Բուլղարիայի հարավում՝ Սև ծովի ափին փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով։ Ջրով են լցվել տներ, ճանապարհներ, կամուրջներ: Որոշ քաղաքացիների էլեկտրաէներգիա չի մատակարարվում: Ջրհեղեղի հետևանքով խմելու ջուրը աղտոտվել է, և քաղաքացիներին հորդորել են խուսափել ծորակից ջուր խմելուց։
Տարերային աղետի պատճառով Ցարեւո քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։