Ապրիլի 20-ին Մարիուպոլից մարդասիրական միջանցքով դուրս են եկել տարհանող չորս ավտոբուսներ
Ապրիլի 20-ին Մարիուպոլից մարդասիրական միջանցքով դուրս են եկել տարհանող չորս ավտոբուսներ, այսօր ևս նախատեսվում է քաղաքից բնակչության տարհանումը շարունակել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
Նրա խոսքով՝ Մարիուպոլից կանանց, երեխաների ու տարեցների տարհանումը կշարունակվի ապրիլի 21-ին։
«Չորս տարհանման ավտոբուսներ կարողացել են դուրս գալ քաղաքից երեկվա մարդասիրական միջանցքով։ Նրանք գիշերել են Բերդյանկայում և այժմ շարժվում են դեպի Վասիլևկա։ Մենք շուտով նրանց սպասում ենք Զապոռոժյեում»,- ասել է Վերեշուկը։
Նստեցումը կսկսվի տեղական ժամանակով 14:00-ին։ Վերեշուկը նշում է, որ անվտանգության բարդ իրավիճակի պատճառով կարող են փոփոխություններ լինել, ուստի բնակիչներին կոչ է անում աչալուրջ լինել պաշտոնական տեղեկատվությանը։
Մարիուպոլը մարտի 1-ից շրջափակված է ռուսական ուժերի կողմից։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ քաղաքում մնացել է մոտ 100 հազար մարդ։