Ապրիլի 13-ից գծերում 18 մետրանոց ավտոբուսներ գործարկելու արդյունքում ազատված ավտոբուսները կավելանան յոթ երթուղիներին, ինչը կնվազեցնի տրանսպորտի սպասման ժամանակը։ Այս մասին այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Մեր տրանսպորտային քաղաքականության ուղղություններից է ավտոբուսների փոխարինումը, նորացումը, ավելացումը՝ հասարակական տրանսպորտն առավել հարմարավետ դարձնելու համար։ Ինչպես գիտեք, ներս մտած 18 մետրանոց ավտոբուսները բաշխվել են տարբեր երթուղիներով։ Առաջին հերթին մենք վերցրել ենք ամենաշատ ուղեւորահոսքով և ավտոբուսներ ավելացնելու ամենաշատ անհրաժեշտ ուղղությունները։ Ապրիլի 13-ից յոթ երթուղիներին կավելանան ազատված ավտոբուսները, ինչի արդյունքում N304 երթուղու սպասման ժամանակը կկրճատվի մինչև 15 րոպե, N307-ինը՝ 12 րոպե, N311-ինը՝ 14 րոպե, N315-ը՝ մինչև 14 րոպե, N339-ը` մինչև 6 րոպե, N351-ը` մինչև 10 րոպե, իսկ N385-ը` մինչև 10 րոպե»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, լրացուցիչ ավտոբուսների քաղաք ժամանելուց հետո ազատված ռեսուրսների բաշխման գործընթացը կշարունակվի։
«Սպասում ենք, որ աստիճանաբար լրացուցիչ ավտոբուսներ մտնեն, ազատված ավտոբուսները կավելացվեն տարբեր երթուղիների վրա, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղափոխենք։ Այս ամենը թույլ կտա մեզ ավելի արագ և հարմարավետ դարձնել հասարակական տրանսպորտով ճանապարհորդությունը»,- նշել է Կախա Կալաձեն։
Կառավարության նիստում Թբիլիսիի քաղաքապետը հանրությանը ներկայացրել է նաեւ վիճակագրական տվյալներ։
«2018 թվականի համեմատ այսօրվա դրությամբ գծում գործող ավտոբուսների թիվն աճել է 27%-ով, իսկ ուղևորատարողությունը՝ 65%-ով (21000 ուղևոր): Կարծում եմ, որ այս քաղաքականությամբ մենք կկարողանանք էլ ավելի մեծացնել ուղեւորահոսքը։ Իրականացված միջոցառումների առաջին արդյունքներն արդեն տեսանելի են։ Օրինակ՝ ապրիլի 1-ին գրանցվել է ավտոբուսներով փոխադրվող ուղևորների ռեկորդային քանակ՝ 600 հազար ուղևորություն, և այդ տվյալները նախագծի ավարտից հետո էլ ավելի կավելանան»,- ասել է Կախա Կալաձեն։