Անտոնիու Կոստան հայտարարում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանել չի պատրաստվում
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստան հայտարարում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանել չի պատրաստվում։ Այս մասին Կոստան գրել է սոցիալական ցանցում՝ Փարիզում ընթացող այսպես կոչված «ցանկություն հայտնածների կոալիցիայի» անդամ երկրների հանդիպման մեկնարկից առաջ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցն է։
«Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցը մեր նպատակին հետևողական մնալն է՝ հասնել արդար և կայուն խաղաղության։ Սա նշանակում է՝ շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով», – գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Կոստան նշել է, որ այս ուղերձը նա կհաղորդի այսպես կոչված «ցանկություն հայտնածների կոալիցիայի» անդամներին։
Հայտնի է, որ այս կոալիցիան, որի ղեկին կանգնած են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, արդեն մի քանի շաբաթ է, ինչ աշխատում է Ուկրաինայում ապագա հրադադարի ապահովման ծրագրի վրա։
Մինչ այդ Սաուդյան Արաբիայում կայացել էր ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպում, որտեղ, Սպիտակ տան տվյալներով, ձեռք էր բերվել համաձայնություն Սև ծովում հրադադարի վերաբերյալ։ Սակայն ավելի ուշ Ռուսաստանը հայտարարել էր, որ հրադադարը ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ բավարարվեն Մոսկվայի մի շարք պահանջներ, այդ թվում՝ որոշ ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, ինչը անհնար է առանց Եվրամիության համաձայնության։