Անտոնիո Գուտերեշն այցելել է Ուկրաինայի Բուչա և Բորոդյանկա քաղաքներ

13:54, 28.04.2022

Ուկրաինա կատարած այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Կիևի մերձակա Բուչա և Բորոդյանկա քաղաքներ։

Անտոնիո Գուտերեշը Բորոդյանկա է ժամանել ուժեղացված պահակախմբի ուղեկցությամբ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինվորականների հետ և ստուգել ռուսական ագրեսիայի հետևանքով ավերված շենքերը։

«Երբ ես նայում եմ այս քանդված շենքերին, պետք է ասեմ, թե ինչ եմ զգում։ Այս ավերված ու սևացած տներից մեկում ես պատկերացնում էի իմ ընտանիքը։ Պատկերացրի, թե ինչպես են թոռներս խուճապահար փախչում։ Պատերազմն աբսուրդ է, 21-րդ դարում պատերազմը չարիք է: Երբ մենք նայում ենք նման իրավիճակին, մեր սրտերը զոհերի հետ են: Ես ուզում եմ իմ ցավակցությունները հայտնել նրանց ընտանիքներին։ Պատերազմն անընդունելի է 21-րդ դարում»,- ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է նաև Բուչա քաղաք, որտեղ ռուս զինվորականները կասկածվում են խաղաղ բնակչության նկատմամբ դաժանությունների մեջ, և այցելել է զանգվածային գերեզման։

Ռազմական հանցագործությունների հետաքննության առումով նա աջակցություն է հայտնել Միջազգային քրեական դատարանին և կոչ արել Ռուսաստանին համագործակցել տրիբունալի հետ։

«Երբ մենք տեսնում ենք այս սարսափելի պատկերը, ես զգում եմ մանրակրկիտ հետաքննության և պատասխանատվության կարևորությունը։ Ուրախ եմ, որ Միջազգային քրեական դատարանն այստեղ տեսնում է իրավիճակը, մեղադրող կողմն արդեն այստեղ է։ Ես լիովին աջակցում եմ Միջազգային քրեական դատարանին և կոչ եմ անում Ռուսաստանի Դաշնությանը համաձայնել համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ։ Երբ խոսում ենք պատերազմական հանցագործությունների մասին, չպետք է մոռանալ, որ ամենամեծ հանցագործությունը հենց պատերազմն է», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ