Անտոնիո Գուտերեշ. Ես խորապես մտահոգված եմ, որ հունվարի 3-ին Վենեսուելայում ռազմական գործողության ընթացքում միջազգային իրավունքի կանոնները չեն պահպանվել
Անտոնիո Գուտերեշ. Ես խորապես մտահոգված եմ, որ հունվարի 3-ին Վենեսուելայում ռազմական գործողության ընթացքում միջազգային իրավունքի կանոնները չեն պահպանվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության վերաբերյալ՝ նշելով, որ «միջազգային իրավունքի կանոնները չեն հարգվել», ասվում է Գուտերեշի նամակում, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կարդացել է նրա տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն։

Նիստում քննարկվում են Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները։

«Ես խորապես մտահոգված եմ Վենեսուելայում անկայունության հավանական սրմամբ, ինչպես նաև տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությամբ և երկրների միջև հարաբերություններում կարող է ստեղծվել նախադեպ։ Վենեսուելայում ստեղծված իրավիճակը տարիներ շարունակ եղել է տարածաշրջանային և միջազգային մտահոգության առարկա։ Երկրի նկատմամբ ուշադրությունը մեծացել է 2024 թվականին Վենեսուելայում կայացած վիճարկվող նախագահական ընտրություններից հետո։ Ընտրական փորձագետների խումբը, որը ես նշանակել եմ Վենեսուելայի կառավարության խնդրանքով, ընդգծել է լուրջ խնդիրներ։ Մենք մշտապես կոչ ենք արել լիարժեք թափանցիկության և ընտրությունների արդյունքների հրապարակման», – ասել է Գուտերեշը իր նամակում։

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում բոլոր կողմերին հարգել միջազգային իրավունքը։

«Ես մշտապես ընդգծել եմ բոլոր կողմերի համար միջազգային իրավունքը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը հարգելու հրամայականը, որը հիմք է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Ես խորապես մտահոգված եմ, որ հունվարի 3-ին Վենեսուելայում ռազմական գործողության ընթացքում միջազգային իրավունքի կանոնները չեն պահպանվել», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Վենեսուելայի իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին մասնակցել ներառական և ժողովրդավարական երկխոսության, որի ընթացքում հասարակության բոլոր շերտերը կարող են որոշել իրենց ապագան։