Անտոնիո Գուտերեշ. Որքան շուտ կողմերը ձեռնարկեն բարեխիղճ դիվանագիտական ջանքեր՝ դադարեցնելու պատերազմը, այնքան լավ Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում բռնությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և բանակցությունները պետք է սկսվեն պատերազմին վերջ տալու համար։ Այս մասին ասվում է Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ, որը հրապարակել է ուկրաինական պատերազմի սկսվելուց 100 օր անց։
«Ես կրկնում եմ իմ կոչը՝ անհապաղ դադարեցնել բռնությունը, անխոչընդոտ հումանիտար մուտք` դրա կարիքն ունեցողներին, հակամարտության գոտում արգելափակված խաղաղ բնակիչների անվտանգ տարհանման և խաղաղ բնակչության անհապաղ պաշտպանության և միջազգային մարդու իրավունքների հարգման համար: ՄԱԿ-ը հավատարիմ է մարդասիրական ջանքերին: Սակայն, ինչպես սկզբում նշեցի, հակամարտության լուծումը պահանջում է բանակցություններ և երկխոսություն: Որքան շուտ կողմերը ձեռնարկեն բարեխիղճ դիվանագիտական ջանքեր այս պատերազմին վերջ տալու համար, այնքան լավ Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի համար։ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Անտոնիո Գուտերեշը նշում է, որ հակամարտությունն արդեն հազարավոր կյանքեր է խլել, անասելի ավերածություններ է առաջացրել, միլիոնավոր մարդկանց տեղահանել, հանգեցրել է մարդու իրավունքների անընդունելի ոտնահարման և ստեղծել է եռաչափ համաշխարհային ճգնաժամ – պարենային, էներգետիկ և ֆինանսական: