Անտոնիո Գուտերեշ. ՄԱԿ-ը փորձում է քաղաքացիներին տարհանել Մարիուպոլի և «Ազովստալ» գործարանից
«Reuters»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը կրկին փորձում է քաղաքացիներին տարհանել Մարիուպոլից և «Ազովստալ» գործարանից։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին։
Նրա խոսքով՝ սա Մարիուպոլից և մետալուրգիական կոմբինատից քաղաքացիներին տարհանելու ՄԱԿ-ի երրորդ փորձն է։ Գուտերեշը չի մանրամասնել, սակայն ասել է, որ գործընթացը սկսվել է:
«Հուսով եմ, որ Մոսկվայի և Կիևի հետ համակարգումը կհանգեցնի ավելի հումանիտար դադարի, որպեսզի քաղաքացիները ապահով ելք ունենան ռազմական գործողություններից, և նրանք, ովքեր շտապ օգնության կարիք ունեն, կարողանան ստանալ այն։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս դժոխքից դուրս գալու համար»,- ասել է Գուտերեշը։
Հիշեցնենք, որ ըստ «Ազովի լեգեոնի»՝ Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել «Ազովստալ» գործարանը։