Անօդաչու թռչող սարքի միջոցով փրկել են երկու դեռահասների կյանքը (վիդեո)
Անօդաչու թռչող սարքը (դրոն) օգնել է փրկել երկու ավստրալացիների, որոնք հայտնվել էին բաց ծովում: Այս մասին հաղորդում է Surf Life Saving կազմակերպության կայքը:
Փրկարարները պատրաստվել էին պետական ծրագրով շնաձկների հարձակումների քանակի նվազեցման շուրջ փորձեր իրականացնել, երբ ազդանշան են ստացել բաց օվկիանոս դուրս եկած սերֆինգով զբաղվող երկու մարզիկի փրկության անհրաժեշտության մասին: Փրկարարներն անմիջապես փրկարարական սարքավորումներ են կցել դրոնին, եւ այն ուղղել դեպի դեպքի վայր:
Ամբողջ գործընթացը նկարահանվել է դրոնին ամրացված տեսախցիկով։ Կադրերում երեւում է, թե ինչպես է դրոնը խեղդվողների ուղղությամբ հատուկ լաստանավ նետում, որի միջոցով դեռահասները կարող էին հասնել ափին:
Կազմակերպությունում նշել են, որ սա դրոնի կիրառմամբ փրկարարական գործողությունների առաջին դեպքն է։
Փրկարարական ծառայության աշխատակիցների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը զգալի արդյունավետություն է ցուցաբերել մարդկանց փրկելու հարցում: