Անկարայում TUSAŞ ավիատիեզերական ընկերության վրա հարձակման հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել 14 մարդ
Թուրքական օդատիեզերական արդյունաբերության TUSAŞ ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 14-ը։ Այս տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Կազանում է BRICS -ի գագաթնաժողովին։
Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով, երկու ահաբեկիչներ «վնասազերծվել են»։
Անկարայում պետական ընկերության շենքի մոտ մոբիլիզացված են անվտանգության ուժերը և փրկարարական խմբերը։
Այս պահին հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համալիրի մուտքի դարպասի մոտ պայթյուն է որոտացել, որից հետո սկսվել են կրակոցները։
Ավիատիեզերական արդյունաբերության ընկերության կամպուսում զբաղված է 15 հազար մարդ։ Այն պետական ընկերություն է, որը արտադրում է ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու սարքեր: