Անջեյ Դուդան վետո է դրել կառավարության բյուջեի նախագծի վրա հանրային հեռարձակման հետ կապված իրադարձությունների պատճառով, Դոնալդ Տուսկը որոշումը ամոթալի է անվանել
Անջեյ Դուդան վետո է դրել կառավարության բյուջեի նախագծի վրա հանրային հեռարձակման հետ կապված իրադարձությունների պատճառով, Դոնալդ Տուսկը որոշումը ամոթալի է անվանել

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վետո է դրել նոր կառավարության ներկայացրած բյուջեի վրա։ Ինչպես գրում է «Politico»-ն, Անջեյ Դուդան առաջին անգամ է օգտվում այդ իրավունքից՝ Դոնալդ Տուսկի՝ Լեհաստանի վարչապետ դառնալուց հետո։

Լեհաստանի նախագահը Twitter-ի իր էջում գրում է, որ բյուջեով նախատեսված էր երեք միլիարդ զլոտի հատկացնել հանրային հեռարձակմանը։ Դուդան բացատրում է, որ չի համաձայնի հանրային հեռարձակման ֆինանսավորման նախագծին այն պայմաններում, երբ «խախտվում են Սահմանադրության և ժողովրդավարական իրավական պետության սկզբունքները»։

«Առաջինը, հանրային լրատվամիջոցները պետք է վերականգնվեն հուսալիորեն և օրենքին համապատասխան»,- գրել է Լեհաստանի նախագահը։

Դուդայի խոսքով՝ ինքը պետական ​​բյուջեի իր նախագիծը խորհրդարանին կներկայացնի Սուրբ Ծնունդից հետո։ Լեհաստանի նախագահը պահանջում է, որ Սեյմը հանդիպի մինչև տարեվերջ՝ հաստատելու 2024 թվականի բյուջեի նախագիծը։

Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի գրասենյակն արդեն արձագանքել է Լեհաստանի նախագահի կողմից պետբյուջեի նախագծի վետոին և այն անվանել անհեթեթ։

Նախագահի որոշմանը պատասխանել է ինքը՝ Դոնալդ Տուսկը։ Լեհաստանի վարչապետը Twitter-ում նախագահի որոշումը ամոթալի է անվանել և գրել, որ Անջեյ Դուդայի վետոյի պատճառով «մանկապարտեզներն ու տարրական դասարանների ուսուցիչները կմնան առանց ֆինանսավորման, սակայն պետական ​​ընկերությունների և գերատեսչությունների ղեկավարներին հնարավորություն կտրվի ավելացնել իրենց աշխատավարձերը»։ Նույն հայտարարության մեջ Տուսկը խոստանում է զբաղվել նախագահի հակազդեցությամբ։

Տեղեկության համար նշենք, որ անցած շաբաթ Լեհաստանի մշակույթի նորանշանակ նախարարը պաշտոնանկ է արել հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալությունների ղեկավարներին։ Լեհաստանի նախկին իշխող կուսակցության անդամները և Լեհաստանի նախագահը այս որոշումը որակում են անօրինական։

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը Լեհաստանի վարչապետ է նշանակվել դեկտեմբերի 13-ին։ Նա ղեկավարում է կոալիցիոն կառավարություն։
Ինչպես գրում է «Politico»-ն, Լեհաստանի հանրային հեռարձակողների շուրջ շարունակվող հակասությունները ավելի լայն պայքարի մի մասն են, քանի որ Տուսկի կառավարությունը ձգտում է նվազեցնել նախկին իշխող կուսակցության անդամների քաղաքական ազդեցությունն ու ֆինանսավորումը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ վերջին օրերին Լեհաստանի խորհրդարանում ստեղծվել է հանձնաժողով՝ հետաքննելու նախորդ կառավարության չարագործությունները, այդ թվում՝ Covid-19 համաճարակի ժամանակ ստորագրված կասկածելի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թվականի ընտրությունների ժամանակ փոստային քվեարկության ընթացակարգի իրականացումն ու ֆինանսավորումը, որը չի արտոնվել խորհրդարանի կողմից։

Այս շաբաթ Դոնալդ Տուսկը փոխարինել է նաև անվտանգության ծառայությունների ղեկավարներին, որոնք մեղադրվում էին նախկին իշխող կուսակցությանն աջակցելու և ընդդիմությանը լրտեսելու մեջ։