Անջեյ Դուդա. Լեհաստանը կարող է Ուկրաինային հանձնել հակաօդային պաշտպանության համակարգերի խորհրդային հրթիռները
Անջեյ Դուդա. Լեհաստանը կարող է Ուկրաինային հանձնել հակաօդային պաշտպանության համակարգերի խորհրդային հրթիռները

Լեհաստանը կարող է Ուկրաինային հանձնել հակաօդային պաշտպանության համակարգերի խորհրդային հրթիռները։ Այս մասին Վիլնյուսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Այսօր երկկողմ հանդիպման ժամանակ մենք նախագահի հետ քննարկել ենք որոշակի միջոցառումներ։ Դեռ խորհրդային ժամանակներից հրթիռներ կան, դրանք լեհական պահեստում են։ Մենք քննարկել ենք դրանք փոխանցելու հարցը՝ Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանությանն աջակցելու համար։ Վարշավա վերադառնալուց հետո ես կշարունակեմ այդ հարցը քննարկել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Անջեյ Դուդան։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ինքը լեհ գործընկերոջը տեղեկացրել է ապրիլի 11-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցված զանգվածային հարվածների մասին։ Զելենսկու խոսքով՝ նա Դուդային ասել է, որ Ուկրաինային խիստ անհրաժեշտ է իր գործընկերների ուժեղացված աջակցությունը, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության առումով։