Անջեյ Դուդա. Հանրային լրատվամիջոցների նկատմամբ մշակույթի նախարարի գործողությունների պատճառով վարչապետին և Նախարարների խորհրդին կոչ եմ անում հարգել Լեհաստանի իրավական կարգը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արձագանքում է հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական PAP գործակալության ղեկավարությանը պաշտոնանկ անելու Լեհաստանի մշակույթի նախարարության որոշմանը։
«Քաղաքական նպատակները չեն կարող արդարացնել սահմանադրական սկզբունքների ու օրենքի խախտումը։ Այդ իսկ պատճառով, հանրային լրատվամիջոցների հետ կապված մշակույթի նախարարի գործողությունների պատճառով վարչապետ Տուսկին և Նախարարների խորհրդին կոչ եմ անում հարգել Լեհաստանի իրավական կարգը։ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Նախարարների ամբողջ խորհուրդը երդվել է պահպանել Լեհաստանի Հանրապետության Սահմանադրությունը և այլ օրենքներ»,- գրել է Դուդան սոցցանցում։
Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը արձագանքում է Լեհաստանի նախագահի հայտարարությանը։
«Պարոն նախագահ, ինչպես արդեն ասացի ձեզ, այսօրվա գործողություններն ուղղված են՝ ձեր մտադրության համաձայն, հասարակական կյանքում օրինական կարգի և ընդհանուր պարկեշտության վերականգնմանը։ Այս հարցում կարող եք հույս դնել մեր վճռականության և հաստատակամ հետևողականության վրա»,- գրել է Տուսկը իր սոցիալական էջում։
Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է Լեհաստանի հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալության՝ PAP-ի ղեկավարության ազատման մասին։
Միաժամանակ փակվել է 24-ժամյա լրատվական TVP INFO հեռուստաալիքը, որին Լեհաստանի նոր վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը մեղադրում էր նախկին իշխող կուսակցությանը սատարելու մեջ։