Անջեյ Դուդա. Բոլոր ռացիոնալ առաջնորդները շփվում են Չինաստանի հետ, առաջատար երկրների նախագահները հանդիպում են չինացի առաջնորդների հետ, ես ձգտում եմ բարեկամական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ
Պաշտոնական այցով Պեկին է ժամանել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Օդանավակայանում Դուդային և նրա կնոջը դիմավորել է Չինաստանի փոխարտգործնախարարը։ Այս տարի լրանում է Չինաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը։
Այցի ընթացքում Անջեյ Դուդան կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։
Ինչպես ասել է Լեհաստանի նախագահը մեկնելուց առաջ, Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ նա կքննարկի Լեհաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, երկկողմ տնտեսական հարաբերությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չափազանց կարեւոր է «Գոտի, ճանապարհ նախաձեռնության» համար։
Դուդան ընդգծել է Չինաստանի հետ հարաբերությունների կարևորությունը՝ որպես աշխարհի ամենամեծ երկրներից մեկի։
«Բոլոր ռացիոնալ առաջնորդները շփվում են Չինաստանի հետ։ Համաշխարհային մասշտաբով առաջատար երկրների նախագահները հանդիպում են Չինաստանի առաջնորդների հետ։ Ես ձգտում եմ բարեկամական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ»,- ասել է Անջեյ Դուդան։
Նրա խոսքով՝ Չինաստանի կառավարությունը զգալի քաղաքական ազդեցություն ունի և կարող է ճնշում գործադրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա՝ դադարեցնելու հիբրիդային հարձակումները Լեհաստանի դեմ։
Լեհաստանի նախագահը Չինաստան կատարած այցը կավարտի հունիսի 26-ին։