Անդրիա Ջաղմաիձե. Ընդլայնված եկեղեցական ժողովի անցկացման ամսաթիվը դեռ հստակեցված չէ, սակայն այն չի անցնի մայիսի 17-ը

16:20, 02.05.2026

Հայտնի է, որ պատրիարքի երեք թեկնածու է առաջադրվել։ Եթե առաջին իսկ փուլում նրանցից որևէ մեկը հավաքի 20 ձայն, երկրորդ փուլ չի անցկացվի, իսկ եթե երեք թեկնածուներից ոչ մեկը չստանա 20 կամ ավելի ձայն, ապա երկու առավելագույն ձայներ ստացած թեկնածուների միջև նույն օրը և նույն վայրում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ. այս մասին հայտարարել է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն։

Նրա խոսքով՝ ընդլայնված եկեղեցական ժողովի անցկացումը չի գերազանցի սահմանված ժամկետները։

«Ժողովի հետ կապված հիմնական նախապատրաստական աշխատանքները կատարվում են այստեղ՝ Պատրիարքարանում։ Շատ հարցեր կան լուծելու, տեխնիկական մասը պետք է շատ մանրամասն մշակվի, որպեսզի ամեն ինչ նախապես որոշված լինի։ Ինչ վերաբերում է ամսաթվին, այն դեռ հստակեցված չէ, սակայն մայիսի 17-ից չի ուշանա։ Ընթացակարգը կայանում է նրանում, որ Սինոդի անդամները կրկին կքվեարկեն, այս անգամ արդեն երեք թեկնածուների միջև։ Սակայն այնտեղ միայն Սինոդը չի լինի։ Այն կոչվում է ընդլայնված ժողով, քանի որ ներկայացուցիչներ կլինեն բոլոր թեմերից, բոլոր վանքերից և բարձրագույն հոգևոր հաստատություններից, ինչպես նաև կլինեն քաղաքացիական անձինք հասարակության տարբեր շերտերից, և քվեարկությունը տեղի կունենա նրանց ներկայությամբ։ Պատվիրակն իրավունք ունի հանդես գալ ելույթով։ Պատվիրակների թիվը ճշտվում է, ընդհանուր քանակը կհասնի 2000-ի»,- նշել է Անդրիա Ջաղմաիձեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Պատրիարքարանում տեղի է ունեցել Սուրբ Սինոդի նիստ, որի ժամանակ ընտրվել են պատրիարքի երեք թեկնածուները։

Պատրიարքի թեկնածուներն են.

  1. Կաթողիկոս-Պատրիարքի գահապահ, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիո (Մուջիրի),
  2. Մրովել-Ուրբնելիի մետրոպոլիտ Իոբ (Աքիաշվիլի),
  3. Փոթիի և Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլ (Բերբիճաշվիլի)։

Նմանատիպ