Անդրեյ Սիբիգա. Ուկրաինական հետախուզության տվյալներով, Կրեմլը ծրագրում է ձմռանը հարվածներ հասցնել ուկրաինական ատոմային էներգետիկայի կարևոր օբյեկտներին
Ուկրաինական հետախուզության տվյալներով, Կրեմլը ծրագրում է ձմռանը հարվածներ հասցնել ուկրաինական ատոմային էներգետիկայի կարևոր օբյեկտներին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նրա խոսքով, խոսքը ատոմակայանների բաց բաշխիչ սարքերի և հաղորդման ենթակայանների մասին է, որոնք չափազանց կարևոր են ատոմային էներգիայի անվտանգ շահագործման համար։
«Այդ օբյեկտներին հարվածելը միջուկային միջադեպի բարձր ռիսկ է ստեղծում, որը կունենա գլոբալ հետեւանքներ։ Ուկրաինայի հատուկ ծառայություններն արդեն համապատասխան տեղեկատվություն են փոխանցել իրենց գործընկերներին։ Տեղեկացված է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը»,- նշում է Սիբիգան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը գրում է նաև, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը գրավել է Եվրոպայում ատոմակայան՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով աշխարհին։
Նա նաև շնորհակալություն է հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը Ուկրաինայում մի շարք էներգետիկ օբյեկտներում իր առաքելությունները ընդլայնելու որոշման համար և կոչ է անում արագացնել այդ պայմանավորվածությունների կատարումը։