Անդրեյ Սիբիգա. Ռուս զավթիչները հինգ տասնյակ խաղաղ բնակիչների են առևանգել ուկրաինական փոքրիկ գյուղից, Պուտինի Ռուսաստանը ցույց է տալիս, որ ոչնչով չի տարբերվում ահաբեկչական խմբավորումներից
Ռուս օկուպանտները Սումիի մարզում, պետական սահմանին մոտ գտնվող փոքր ուկրաինական Հրաբովսկե գյուղից առևանգել են հիսուն խաղաղ բնակիչների, հիմնականում տարեց կանանց։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
Նրա խոսքով՝ «այսպիսի միջնադարյան արշավանքներով» Պուտինի Ռուսաստանը ցույց է տալիս, որ ոչնչով չի տարբերվում այնպիսի ահաբեկչական խմբավորումներից, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Բոկո Հարամը» և «Համասը»։
«Մենք պահանջում ենք մեր խաղաղ պատանդների վերադարձը տուն։ Այս 50 մարդը և հազարավոր այլ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ուկրաինացի երեխաներ, բռնի կերպով տեղահանվել են Ռուսաստան։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին միանալ՝ պահանջելու, որ ազատ արձակվեն իրենց տներից առևանգված անմեղ խաղաղ քաղաքացիները։ Այս կոնկրետ պատերազմական հանցագործությունն արդեն ուսումնասիրվում է Ուկրաինայում, և անհրաժեշտ է նաև միջազգային մակարդակով համապատասխան արձագանք։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի կողքին ապրելու մշտական վտանգը։ Ահա թե ինչու Ուկրաինային անհրաժեշտ է իրական, երկարատև խաղաղություն», – նշել է Անդրեյ Սիբիգան և հավելել, որ «ահաբեկիչների հարևանությամբ ապրելու համար անհրաժեշտ են ուժ և ամուր անվտանգության երաշխիքներ»։