Շախմատի պալատում ավարտվեց Վրաստանի առաջին միջկրոնական առաջնությունը, որը կազմակերպել էին Կրոնական հարցերի պետական գործակալությունը և Վրաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում էին տարբեր կրոնների ու դավանանքների պատկանող ծխականներ ու հոգեւորականներ։ Կրոնական հարցերի պետական գործակալության՝ Վրաստանի շախմատի առաջին միջկրոնական առաջնությունն անցկացնելու նախաձեռնության հիմքում ընկած է Կրթության նախարարության որոշումը՝ հաջորդ ուսումնական տարվանից Վրաստանի դպրոցներում շախմատի դասեր մտցնելու վերաբերյալ։
Կրոնական գործակալությունը, միջկրոնական խորհրդի հետ համաձայնությամբ, աջակցել է նախարարության որոշումը և առաջարկել Վրաստանում գրանցված կրոնական կազմակերպություններին մասնակցել շախմատի մրցաշարին։
Մրցույթն անցկացվեց 7 փուլով՝ 2 օր։ Առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանի մահմեդական վարչության թիմը, երկրորդը՝ Ավետարանի հավատքի եկեղեցու թիմը, երրորդը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։
Մրցաշարից առաջ Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Գիորգի Գիորգաձեն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Հուշագիրը նախատեսում է շախմատի խթանում կրոնական կազմակերպություններում ընդգրկվածների շրջանում և այդ նպատակով կրոնական կազմակերպությունների միջև շախմատի ամենամյա առաջնությունների անցկացում, շախմատի ոլորտում համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացում և այլն։