Ամստերդամում տասնյակ մարդիկ հրկիզել են տրամվայ, մի քանի մարդ ձերբակալվել է
Ամստերդամում տասնյակ մարդիկ ճայթրուկներ են նետել տրամվայի վրա և այրել այն, մի քանի մարդ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոշ ցուցարարներ վանկարկել են «Ազատ Պաղեստինին»։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, կոտրվել են նաև տրամվայի ապակիները, թեև միջադեպը զոհեր չի ունեցել, քանի որ տրամվայը դատարկ է եղել։ Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով, դեռ հայտնի չէ՝ արդյոք այս անկարգությունը կապված է անցյալ շաբաթ իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումների հետ։
Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է ևս հինգ մարդու, ովքեր, ենթադրաբար, մասնակից են եղել անցյալ շաբաթ իսրայելցի երկրպագուների վրա հարձակմանը: Կասկածյալները 18-ից 37 տարեկան տղամարդիկ են, ովքեր բնակվում են երկրում։
Հոլանդիայի վարչապետ Դիկ Սխոոֆն ասել է, որ ոչինչ չի արդարացնում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումները։