ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման համատեղ ներդրումային հիմնադրամը չորս համաձայնագիր է կնքել, այդ թվում՝ ուկրաինական «BGV Group Management» ընկերության հետ առաջին համաձայնագիրը՝ հազվագյուտ հանածոների արդյունահանման վերաբերյալ

14:14, 03.10.2026

ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման համատեղ ներդրումային հիմնադրամը (URIF) կնքել է չորս ներդրումային համաձայնագիր, որոնց թվում է ուկրաինական «BGV Group Management» ընկերության հետ առաջին համաձայնագիրը՝ հազվագյուտ հանածոների արդյունահանման վերաբերյալ:  

Ինչպես հայտնի է, կողմերը ներկայացրել են շուրջ 70 միլիոն դոլար արժողությամբ մի քանի ներդրումային նախագիծ: Բացի այդ, հիմնադրամը «BGV Group Management» ընկերության հետ միասին կստեղծի համատեղ ներդրումային հարթակ, որի նպատակն է այնպիսի հազվագյուտ հանքանյութերի հանքավայրերի հետախուզումը, ինչպիսիք են բերիլիումը և ցիրկոնիումը:  

Չնայած ներդրման մանրամասները չեն հստակեցվում, «Reuters»-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն դոլար:  

Բացի այդ, հայտնի է դարձել, որ հիմնադրամը էներգետիկայի ոլորտում ձեռք է բերել ևս մեկ համաձայնություն, ըստ որի՝ Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ «DTEK» ընկերությունը լրացուցիչ ներդրում կստանա: Ներդրման շրջանակներում ընկերությանը կապիտալի լրացուցիչ հասանելիություն կտրամադրվի՝ կրիտիկական նշանակություն ունեցող մարտկոցային կուտակիչների նախագծի համար:  

«Խորհրդի այսօրվա նիստը կարևոր առաջընթաց քայլ է ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամի համար: Այս ներդրումներն ամրապնդում են Ուկրաինայի էներգետիկ կայունությունը, զարգացնում կրիտիկական հանքային ռեսուրսները և աջակցում նորարարական ուկրաինական ընկերություններին: Միասին այս նախագծերը հիմք են ստեղծում Ուկրաինայի տնտեսական վերականգնման համար և խորացնում գործընկերությունը մեր երկրների միջև»,- հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Բեն Բլեքը:  

Ի գիտություն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Վերակառուցման և ներդրումների հիմնադրամը ստեղծվել է 2025 թվականի ապրիլին ստորագրված «Հանքանյութերի համաձայնագրի» հիման վրա: Հիմնադրամը կենտրոնացած է հինգ ռազմավարական ոլորտների վրա՝ հանքանյութերից ու պաշտպանությունից մինչև էներգետիկա և ենթակառուցվածքներ:

Նմանատիպ