ԱՄՆ.ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին ընդունել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Թալիաշվիլին Վրաստանի դեսպանատանը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներին՝ պլանավորման քաղաքականության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասին և հատուկ օգնական Չարլզ Յոկին։ Այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցում տարածում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը։
Նրանց փոխանցմամբ՝ վրացական կողմը կրկին արտահայտել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման պատրաստակամությունը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։
«Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը։ Նշվել է Վրաստանի՝ որպես տարածաշրջանային կապող օղակի դերը և քննարկվել է Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը։ Զրույցը վերաբերել է միջազգային մակարդակով ընթացող և զարգացող գործընթացներին, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը։
Ամերիկյան կողմը վերահաստատել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան աջակցությունը», – նշված է դեսպանության հաղորդագրությունում։