ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին, հայտնում է BBC-ն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, ԱՄՆ-ը համաձայնել է F-16 կործանիչներ վաճառել Թուրքիային՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման։
Համաձայնագիրը ներառում է 79 F-16 կործանիչների արդիականացում Թուրքիայում։
«F-16 ինքնաթիռներ գնելու Թուրքիայի խնդրանքին մեր հաստատումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմամբ, բայց դա այն որոշում չէր, որը մենք անլուրջ ընդունեցինք», – ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:
Նրա խոսքով, Թուրքիայում մարդու իրավունքների առումով իրավիճակը պետք է բարելավվի։ Նաև պետք է ավելին անել, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժման համար:
«BBC»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին հայտնել է, որ սրան զուգահեռ հավանություն են տվել Հունաստանին 40 F-35 կործանիչների վաճառքին, որոնց արժեքը կազմում է 8,6 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը հավանություն է տվել Դանիայից և Նիդեռլանդներից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների տեղափոխմանը Ուկրաինա այն բանից հետո, երբ ուկրաինացի օդաչուները դրանք վարելու համար լիարժեք պատրաստություն են անցել։