ԱՄՆ Սենատը մեծամասնությամբ հաստատեց 2026 թվականի Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքը
ԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է 2026 թվականի ազգային պաշտպանական թույլտվության ակտը։ Օրինագիծը ստացել է 77 կողմ ձայն՝ ընդդեմ 20-ի։ Այն այժմ ուղարկվելու է Դոնալդ Թրամփին՝ ստորագրության համար։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի տարեկան ռազմական ծախսերի համար հատկացվել է ռեկորդային գումար՝ 901 միլիարդ դոլար։ Նախատեսվում է նաև 4 տոկոս աշխատավարձի բարձրացում զինվորների համար։
Նույն օրենքով նախատեսվում է 800 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային՝ զենք գնելու համար (400-ական միլիոն՝ առաջիկա երկու տարիների ընթացքում)։ Փաստաթղթում նշվում է, որ 175 միլիոն դոլար կտրամադրվի Բալթյան երկրների պաշտպանության համար։ Օրենքը արգելում է ԱՄՆ-ի ռազմական ներկայության նվազեցումը Եվրոպայում՝ մինչև 76,000 զինծառայողից քիչ։
Փաստաթուղթը նաև նախատեսում է Սիրիայի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների չեղարկում։ Օրենքը չեղարկում է նաև 1991 և 2002 թվականներին Իրաքի դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվությունները։
Նոր օրենքը արգելում է տրանսգենդեր անձանց մասնակցությունը կանանց ռազմական մարզական ծրագրերում։ Նաեւ օրենսդրորեն ուժի մեջ է դրվում Թրամփի այն հրամանագրերը, որոնք դադարեցնում են բազմազանության և հավասարության ծրագրերը Պենտագոնում։
Օրենքը չի ներառում Պաշտպանության նախարարությանը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու առաջարկը՝ Թրամփի նախաձեռնությունը, որը հնարավոր չէ իրագործել առանց Կոնգրեսի հավանության։