ԱՄՆ Պետքարտուղարություն – Խորհրդային Միությունից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումն ապահովեց նրանց ինքնիշխանությունը և սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելու իրավունքը
Խորհրդային Միությունից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումն ապահովեց այս երեք երկրների ինքնիշխանությունը և սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելու իրավունքը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` ի պատասխան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցին։
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով, Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գրավականն է, ուստի ԱՄՆ-ը խրախուսում է կողմերին ցանկացած ձևաչափով հանդիպում անցկացնել։
«Մենք երկու ղեկավարներին էլ՝ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին կոչ ենք արել հանդիպել ցանկացած ձևաչափով, որն օգտակար կլինի նրանց համար։ Մեր հիմնական տեսակետն այն է, որ ուղղակի երկխոսությունն այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ ԱՄՆ-ն աջակցում է հարավկովկասյան երեք երկրների ինքնիշխանությանը և անկախությանը։ 1991 թվականին Խորհրդային Միությունից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը իրադարձություն էր, որն ապահովում էր այս երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելու իրավունքը»,- հայտարարել է Պատելը։