ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 17-ին կայցելի Վրաստան
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 17-ին կայցելի Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Տեղեկությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։

Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ այցը նպատակ ունի ընդգծելու Ամերիկայի հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը:

Ըստ Պետդեպարտամենտի՝ ​​Կարեն Դոնֆրիդը հունիսի 17-ին կայցելի Վրաստան՝ մասնակցելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած կանանց միջազգային համաժողովին, որտեղ նա կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Ըստ Պետդեպարտամենտի, նախատեսվում է նաև հանդիպում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված պատերազմը և ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: