ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ուկրաինան, Վրաստանը և եվրոպական բոլոր երկրներն իրավունք ունեն ընտրել լավագույն ապագան իրենց ժողովրդի համար՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ուկրաինան, Վրաստանը և եվրոպական բոլոր երկրներն իրավունք ունեն ընտրել լավագույն ապագան իրենց ժողովրդի համար՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

Դիվանագիտությունը միակ պատասխանատու միջոցն է այս ճգնաժամի դեմ պայքարելու համար,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Ուկրաինա կատարած այցից առաջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ բոլորը չեն հարգում երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բոլոր մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանը ներխուժել է երեք հարևան երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա, միջամտել է ընտրություններին, օգտագործել քիմիական զենք՝ սպանության փորձի համար, ինչպես իր հողում, այնպես էլ իր սահմաններից դուրս (Սկրիպալ, Նավալնի) և խախտել է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրերը։ Մենք և մեր դաշնակիցները այս և այլ հարցեր կբարձրացնենք Ռուսաստանի հետ առաջիկա օրերին և շաբաթներին։ Ուկրաինան, Վրաստանը և բոլոր մյուս եվրոպական երկրներն իրավունք ունեն ընտրել լավագույն ապագան իրենց ժողովրդի համար, այդ թվում՝ քրտնաջան աշխատանքի և եվրատլանտյան և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նույն հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը նախընտրում է իրավիճակի դիվանագիտական ​​լուծումը։

ԱՄՆ պետքարտուղարն այսօր կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ։ Էնթոնի Բլինկենն Ուկրաինայից պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:

Թողնել մեկնաբանություն