ԱՄՆ Պետդեպարտամենտ. ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի վերաբերյալ կբարդացնի հակամարտության կարգավորման ջանքերը
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի կարծիքը կբարդացնի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իսրայելի կողմից բնակավայրերի աջակցության ծրագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքին և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Սակայն մենք մտահոգված ենք, որ դատարանի եզրակացության ծավալը կբարդացնի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասված է գերատեսչության գրավոր հայտարարության մեջ։
Արդարադատության միջազգային դատարանը ուրբաթ օրը վճռեց, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների և այնտեղ կառուցված բնակավայրերի օկուպացիան անօրինական են և պետք է հնարավորինս շուտ ավարտվեն:
Ըստ Պետդեպարտամենտի՝ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի այն կարծիքը, որ Իսրայելը պետք է որքան հնարավոր է շուտ լքի պաղեստինյան տարածքները, հակասում է հակամարտությունների կարգավորման սահմանված շրջանակին։ Վաշինգտոնում բացատրում են, որ այս շրջանակը հաշվի է առնում Իսրայելի անվտանգության կարիքները, որոնք տեսանելի են դարձել հոկտեմբերին «Համասի» իսրայելական բնակավայրերի վրա հարձակումից։
Նշենք, որ Միջազգային դատարանի երեկ կայացրած վճիռը պարտադիր չէ, թեեւ այն կարող է թուլացնել աջակցությունն Իսրայելին։