ԱՄՆ Պետական դեպարտամենտը արձագանքում է Մարին Լե Պենի վերաբերյալ Ֆրանսիայի դատարանի դատավճռին և հայտարարում, որ դեմ է մարդկանց բացառմանը քաղաքական գործընթացից
ԱՄՆ Պետական դեպարտամենտը արձագանքել է Մարին Լե Պենի վերաբերյալ Ֆրանսիայի դատարանի կողմից կայացված դատավճռին։
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Պետական դեպարտամենտը դեմ է մարդկանց բացառմանը քաղաքական գործընթացից։ Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքը պետք է ավելին անի, քան պարզապես խոսի ժողովրդավարական արժեքների մասին՝ հիշեցնելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Մենք տեղյակ ենք նրա դատավճռի մասին, և իրավական որոշման վերաբերյալ հավելյալ մեկնաբանության համար ձեզ ուղղորդում ենք Ֆրանսիայի իշխանություններին։ Այնուամենայնիվ, հիշեցնում ենք փոխնախագահի հայտարարությունը Մյունխենի անվտանգության համաժողովում՝ խոսքի ազատության պաշտպանության և քաղաքական գործընթացից մարդկանց բացառման անընդունելիության վերաբերյալ։ Մենք՝ որպես Արևմուտք, պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք այդ արժեքներով։ Քաղաքական գործընթացից մարդկանց հեռացումը հատկապես մտահոգիչ է, եթե հաշվի առնենք նախագահ Թրամփի դեմ իրականացվող ագրեսիվ և կոռումպացված իրավական հետապնդումը հենց այստեղ՝ ԱՄՆ-ում։ Մենք պաշտպանում ենք յուրաքանչյուրի իրավունքը՝ արտահայտելու իր կարծիքը հանրային տարածքում՝ անկախ նրանից, թե մյուսները համաձայն են այդ կարծիքի հետ, թե ոչ», – նշել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը։