ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ծրագրում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ

22:46, 19.08.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:
«Չեմ կարող ասել՝ նամակներ փոխանակո՞ւմ ենք, թե՞ ոչ, բայց մենք լավ ենք հասկանում միմյանց: Եվ գիտե՞ք ինչ, այն փաստը, որ ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ, լավ է, այլ ոչ թե վատ», – հայտարարել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունի, և նշել է, որ նման բան չպետք է թույլ տրվեր:
«Նա ունի 57 շատ հզոր միջուկային զենք: Դա երբեք չպետք է թույլ տրվեր: Եթե ես լինեի նախագահը, դա թույլ չէի տա: Բայց հիմա նա ունի դրանք: Իրանին չպետք է թույլ տալ միջուկային զենք ունենալ: Ես Կիմ Չեն Ընին շատ լավ եմ ճանաչում, և նա լավ կլինի: Եթե խելացի նախագահ ունենանք, նա լավ կլինի: Եթե հիմար նախագահ ունենանք, ապա, թերևս, այդքան լավ չի լինի», – հայտարարել է Թրամփը:
Հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք առաջիկայում հանդիպում Կիմ Չեն Ընի հետ, Թրամփը պատասխանել է. «Այո, կհանդիպեմ»:
Բացի այդ, խոսելով Իրանի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները կարող են որոշակի փուլում կրկին վերսկսվել:
«Այժմ, կարծում եմ, իրավիճակը շատ լավ է», – հայտարարել է Թրամփը: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը:

Նմանատիպ