ԱՄՆ-ն Ուկրաինային 225 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն կտրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի 225 միլիոն դոլարի չափով արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
«Երկու օր առաջ ես հայտարարեցի Ուկրաինային հակաօդային պաշտպանության տեխնիկայի պատմական նվիրատվության մասին։ Այսօր ես հպարտ եմ հայտարարել Ուկրաինայի անվտանգության համակարգերի նոր փաթեթի մասին։ Սա կլինի ութերորդ փաթեթը այն բանից հետո, երբ մենք ստորագրեցինք ազգային անվտանգության մասին օրինագիծը»,- ասել է Բայդենը։
Ինչպես պարզաբանել է Ամերիկայի նախագահը, նա երեկ ստորագրել է ռազմական օգնության նոր փաթեթ։ Բայդենը նաև նշել է, որ Ամերիկան աշխատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որպեսզի Ուկրաինան կարողանա այս ամառ օգտագործել F-16 ինքնաթիռներ։
«Դուք զգալի ծախսեր արեցիք Ռուսաստանի վրա և հստակ ցույց տվեցիք, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային, հաղթելու է Ուկրաինան։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք Ձեզ հետ ենք լինելու ամեն քայլափոխի»,- դիմել է Ջո Բայդենը Վոլոդիմիր Զելենսկիին։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին ռազմական օգնության փաթեթի համար և նշել, որ անհրաժեշտ է այս տարի երկրորդ անգամ անցկացնել Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը։