ԱՄՆ-ն Իրաքի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողություն է իրականացրել «Իսլամական պետության» դեմ, սպանվել է խմբավորման 15 անդամ

12:57, 31.08.2024

ԱՄՆ-ն Իրաքի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողություն է իրականացրել «Իսլամական պետության» դեմ, որի շրջանակներում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 15 անդամ։

Ինչպես գրում է BBC -ն, ԱՄՆ-ն ու Իրաքը օգոստոսի 29-ի առավոտյան համատեղ գործողություն են իրականացրել Իրաքի արևմտյան հատվածում։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ «Իսլամական պետության» մարտիկներն իրենց հետ ունեցել են «մեծ քանակությամբ զենք, նռնակներ և մահապարտ ահաբեկիչների, այսպես կոչված, Շահիդ գոտիներ»։

Նրանց տվյալներով՝ գործողության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան։

«Այս գործողության թիրախները եղել են «Իսլամական պետության» առաջնորդները։ Գործողությունը նպատակ ուներ թուլացնել ահաբեկչական կազմակերպության կարողությունը՝ ծրագրելու, կազմակերպելու և իրականացնելու հարձակումներ Իրաքի խաղաղ բնակիչների, ԱՄՆ քաղաքացիների, դաշնակիցների և գործընկերների վրա տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրաքի զինված ուժերի հայտարարության մեջ, որը հեռարձակել է BBC -ն, նշվում է, որ գործողության շրջանակներում ավիահարվածներ են հասցվել ահաբեկիչների ապաստարաններին, որից հետո օդադեսանտային գործողություն է իրականացվել։

«Ոչնչացվել են բոլոր ապաստարանները, զենքերը և նյութատեխնիկական նյութերը, անվտանգ կերպով պայթեցրել են Շահիդի գոտիները, առգրավվել են կարևոր փաստաթղթեր, նույնականացման քարտեր և կապի սարքեր», – ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողության արդյունքում յոթ ամերիկացի զինծառայող է վիրավորվել։

Ներկայումս Իրաքում է գտնվում մոտ 2500 ամերիկացի զինվորական՝ տեղական անվտանգության ուժերին խորհուրդներ տալու և օգնելու համար:

2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարեց Իրաքում իր առաքելության ավարտի մասին, թեև Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման պարամետրերի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։

Նմանատիպ