ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր և համաձայնության եկել ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցում
ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը և համաձայնության են եկել ներդրումային հիմնադրամի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարում են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
«Ապրիլի 30-ին Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում։ Նախագահ Թրամփի անդադրում ջանքերի շնորհիվ, որոնք ուղղված են երկարատև խաղաղության ապահովմանը, ուրախ եմ հայտարարել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև այս պատմական տնտեսական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին, որը հիմք է դնում ներդրումային հիմնադրամի համար։ Ինչպես նշել է նախագահը, Միացյալ Նահանգները պարտավորվում է նպաստել այս դաժան և անիմաստ պատերազմի ավարտին։ Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որը հիմնված է ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի վրա երկարաժամկետ հեռանկարում։ Նախագահ Թրամփը որոշել է այս գործընկերությունը ամերիկացի և ուկրաինացի ժողովուրդների միջև՝ ցույց տալու համար երկու կողմերի նվիրվածությունը Ուկրաինայում երկարատև խաղաղության և բարեկեցության նկատմամբ», – նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։
Ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան անհամբերությամբ սպասում են այս պատմական տնտեսական գործընկերության արագ գործարկմանը՝ ի շահ ուկրաինացի և ամերիկացի ժողովուրդների։
Իր հերթին Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։
«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ ստորագրել եմ համաձայնագիր ԱՄՆ-Ուկրաինա ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին», – գրել է Սվիրիդենկոն։
Նրա խոսքով, համաձայնագրի հիմնական կետերն են․
-
Ամբողջական սեփականությունն ու վերահսկողությունը մնում է Ուկրաինային։ Պետությունն է որոշում, թե որտեղ և ինչ պետք է արդյունահանվի։ Օգտակար հանածոները մնում են Ուկրաինայի սեփականությունը։
-
ԱՄՆ-ի և Ուկրաինայի հավասար գործընկերություն. հիմնադրամը ստեղծվում է 50/50 սկզբունքով։
-
Ազգային սեփականությունը պաշտպանված է։ Ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում փոփոխություններ սեփականաշնորհման գործընթացում կամ պետական ընկերությունների կառավարման մեջ։ Նման ընկերությունները՝ «Ուկրնաֆտա»-ն կամ «Էներգոատոմ»-ը, մնում են պետության սեփականությունը։
-
Ոչ մի պարտք։ Ստորագրված համաձայնագրում որևէ պարտավորություն ԱՄՆ-ի հանդեպ նշված չէ։
Սվիրիդենկոյի խոսքով՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա երկու երկրներին ավելացնել տնտեսական ներուժը՝ հավասար իրավունքներով համագործակցության և ներդրումների շնորհիվ։
Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը համապատասխանում է Ուկրաինայի Սահմանադրությանը և չի փոխում երկրի եվրաինտեգրման ուղղվածությունը։
«Սա նաև կլինի ազդանշան միջազգային խաղացողներին, որ մեր պետության հետ երկարաժամկետ համագործակցությունը հուսալի է», – նշել է Սվիրիդենկոն։
Համաձայնագիրը պետք է վավերացվի Գերագույն ռադայի կողմից։