ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են հուշագիր՝ օգտակար հանածոների համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Ուկրաինան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են հուշագիր օգտակար հանածոների համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Ինչպես մեկնաբանել է Ուկրաինայի տնտեսության նախարար Յուլիա Սվիրիդենկոն, այս համաձայնագիրը հաստատում է կողմերի մտադրությունը՝ ավարտին հասցնել և ստորագրել մի համաձայնագիր, որն օգտակար կլինի երկու ժողովուրդների համար։
«Այսօր մենք ևս մեկ քայլ կատարեցինք ԱՄՆ-ի հետ տնտեսական գործընկերության համաձայնագրի ուղղությամբ։ Ուկրաինան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են հուշագիր, որը հաստատում է մեր թիմերի կառուցողական համագործակցությունը և մտադրությունը՝ ավարտին հասցնել և ստորագրել մի համաձայնագիր, որն օգտակար կլինի մեր երկու ժողովուրդների համար», – հայտարարել է Յուլիա Սվիրիդենկոն։
Ուկրաինայի տնտեսության նախարարի խոսքով՝ այժմ նաև նախապատրաստվում է ներդրումային հիմնադրամ Ուկրաինայի վերականգնման համար։ Սվիրիդենկոյի խոսքով՝ այս փաստաթղթով կողմերը հաստատել են «ամերիկյան ժողովրդի ձգտումը՝ ներդրում կատարել ուկրաինացի ժողովրդի հետ միասին ազատ, ինքնիշխան և անվտանգ Ուկրաինայում»։
Այժմ անհրաժեշտ է ավարտել համաձայնագրի տեքստը, ստորագրել այն և այնուհետև անցկացնել խորհրդարանական վավերացում։