ԱՄՆ-ն և Չինաստանը այս շաբաթ կանցկացնեն պաշտոնական բանակցություններ առևտրային հարցերի շուրջ
ԱՄՆ-ն և Չինաստանը այս շաբաթ կանցկացնեն առաջին պաշտոնական բանակցությունները առևտրային հարցերի շուրջ՝ սակագնային պատերազմի սկսվելուց ի վեր։ Այս մասին հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը։
Մամուլի տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա Շվեյցարիայում։ ԱՄՆ-ից բանակցություններին կմասնակցեն գանձապետարանի նախարար Սքոթ Բեսենթը և առևտրի ներկայացուցիչ Ջեմիսոն Գրիրը։ Չինական պատվիրակությունը կղեկավարի փոխվարչապետ Հի Լիֆենը։
Հաղորդվում է, որ հանդիպման նպատակն է սակագնային հակամարտության դեէսկալացիան։
«Մենք պետք է թուլացնենք լարվածությունը, նախքան առաջ շարժվելը։ Մենք չենք ցանկանում կտրել տնտեսական կապերը, բայց ցանկանում ենք արդար առևտուր», – հայտարարել է Սքոթ Բեսենթը։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների վրա սահմանեց 145%-անոց սակագներ, ինչին Չինաստանը պատասխանեց մաքսատուրքերի սահմանմամբ։